Продвижение сайта sdadasd: Վահան Տերյան ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ Продвижение сайта

суббота, 1 июня 2013 г.

Վահան Տերյան ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

 ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

              ***

Որպես Լայերտի որդին, որպես
Ուլիս մի, թողած և հող, և տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

Ու հոգնած քայլով ահա կրկին
Վերադառնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։

Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունըդ վշտում արթուն։

Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր,
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։

Ու կարոտակեզ ահա կրկին
Վերադառնում եմ, որ առհավետ
Ունկնդիր լինեմ քո հին երգին,
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ...

                  ***

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված ավերված, հրկեզ...

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր:
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիրն իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին։
Երգր հայրենի, ցավագար ու հին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին...


                    ***

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ֊-երկրիս անարգված սրտին:

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.

Թող գուժկան գիշերն ահասաստ դավե
Որքան մութը սև`այքան ես համառ,
Երկնիր իմ երկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...
                 ***

Հայրենիքում իմ արևաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերդ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։

Ամեն մի մետք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։

Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված:

Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ախ, և անզոր, և անարգված...

                 ***

Դու հպարտ չես, իմ հայրենիք, 
Տրտում ես դու և իմաստուն. 
Կիզում է քեզ մի հուր կնիք, 
Մի հըմայող ու հին խոստում :

Եվ միթե այդ վշտիդ համար 
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ, 
0, հայրենիք դառն ու անուշ...

Չըշլացա խնդուն փառքիդ 
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ. 
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ:

Խեղճությունըդ խավար ու լուռ, 
Աղոթքներըդ դառն ու ցավոտ, 
Զանգակներիդ զարկը տըխուր, 
Եվ խուղերիդ  լույսերն աղոտ...



Комментариев нет:

Отправить комментарий