Գրելու պայմանները
Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով: Աշխատության սկզբում օգտվելով առիթից` Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն: Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը: Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար:
«Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկականառասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է: Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը` հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները:
Կառուցվածքը
Խորենացու «Պատմություն Հայոց» երկը ներկայիս վիճակով բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր:
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի,Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին: Սյս անձիք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ:
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը` մինչև Տրդատ Մեծիգահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը:
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը` մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը:
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը: «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով: Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա` 475-491թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս: «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյության հարցը հանդիսանում է հայագիտության վիճելի խնդիրներից մեկը:
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը:
Բովանդակությունը
Նույն նպատակով պատմիչը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովի առաջնորդների: «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ-Արամ-Տիգրան, -ասում է հեղինակը, -քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին եվ ինչպես կամենում է` թող կոչի:»Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը: Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի: Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու` Նոյ նահապետի սերնդի հետ` ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում:
Խորենացու համար ազգի նախահայր Հայկը նախընտրելի հերոս է` իր ազատասիրական ոգով, բռնակալի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականությամբ, ըմբոստ խիզախությամբ: Արամն ընդօրինակելի է հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումով, Տիգրանը` Հայաստանի կորցրած տարածքները հետ գրավելու, ազգային բանակը վերազինելու, երկիրն ամեն տեսակի բարիքներով հարստացնելու վճռականությամբ: Բնութագրելով Տիգրանին` պատմիչը չի թաքցնում իր նպատակը. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքն ու խոհեմությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:
Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացու իդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ: Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին: Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգային դւրքորոշման, ինչպես նաև` հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու` որպես ազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին:
Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը: Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին: Հայոց անցյալի մասին աշխատություններ ստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել` գրի ու հիշատակության արժանի...»:
«Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը
Իր երկը Մովսեսը շարադրել է աշխույժ և համաչափ։ Նա կյանք է տվել իր պատմությանը նկարագրություններով, որոնցից է Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատել է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին իր պատմության մեջ օգտագործել է մի շարք ասույթներ, որոնք հետագայում դարձել են թևավոր խոսքեր։ Ահա դրանցից մի քանիսը.
- Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է։
- Քաջերի սերունդները քաջեր են։
- Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության:
- Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ։
Խորենացին այս պատմության մեջ արտահայտել է իր զգացումները՝ ուրախությունը, տխրությունը, հպարտությունը, վիշտն ու իղձը։ Խորենացու նպատակն է եղել տեսնել իր հայրենիքը միասնական, հզոր ու լուսավոր։
Комментариев нет:
Отправить комментарий