Продвижение сайта sdadasd: 2013 Продвижение сайта

суббота, 1 июня 2013 г.

Սասունցի Դավթի կերպարը

Հայ ժողովրդի հյուսած բազմաթիվ հերոսական դյուցազներգությունների մեջ իր գեղարվեստական բարձր արժանիքներով աչքի ընկած և ամենաբնորոշ գծերով օժտված էպոսը <<Սասունցի Դավիթ>>  Էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ: Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, իսկ հետո՝ Մանուկ Աբեղյանը: Էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ <<Սանասարից և Բաղդասարից>>, <<Մեծ Մհերից>>, <<Դավթից >>, և <<Փոքև Մհերից>>: 1939 թ.-ին ստեղծվել է էպոսի համահավաք տեքստը: Այս էպոսի հերոսները ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով և արարքներով կապված են բնության և նրա ուժերի հետ, խորապես մարդկային են: Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ:
Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ <<Դավիթ>> կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով: Որպես հպատակության նշան, Մելիքը Դավթից պահանջում է անցնել թրի տակով: Բայց.
Դավիթ չգնաց, չանցավ թրի տակով
Կուշտ անցավ
Ճկուտ քսավ ի ջարդու քար,
Քարեն կրակ ելավ:
Իբրև աշխատավոր ժողովրդի նախանձախնդիր, մեծ է նրա ցասումն ու ատելությունը ժողովրդի կեղեքիչների և նրա ազատության ու անկախության վրա բռնացողների դեմ:
Դավթի հայրենասիրությունը ցայտուն կերպով երևում է Մսրա Մելիքի դեմ կռվի գնալու պահին: Նա երբեք անարդար կռիվ չի մղում: Նա կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ ժողովրդի բարօրության: Մսրա Մելիքի վրա հարձակվելուց առաջ նա երեք անգամ բարձրաձայն գոչում է.
-Էհե՜յ
Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիեր թամբեք, 
Ով թամբեր է՝ էլեք, հեձեք
Չասեք Դավիթ գող-գող եկավ
Գող գող գնաց
Դավիթը նաև հրապուրվող է: Նա սկզբում սիրելով Չմշկիկ Սուլթանին, ամուսնանում է նրա հետ: Սակայն հետո դրժում է ամուսնությունը և հրապուրվում Խանդութով:
Ժողովուրդը սիրելով իր հերոսին՝ նրան անվանել է ծուռ և թլուր: Այս էպոսը մեծ հիացմունք է պատճառում հայ ժողովրդին:

Վահան Տերյան ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

 ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

              ***

Որպես Լայերտի որդին, որպես
Ուլիս մի, թողած և հող, և տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

Ու հոգնած քայլով ահա կրկին
Վերադառնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։

Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունըդ վշտում արթուն։

Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր,
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։

Ու կարոտակեզ ահա կրկին
Վերադառնում եմ, որ առհավետ
Ունկնդիր լինեմ քո հին երգին,
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ...

                  ***

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված ավերված, հրկեզ...

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր:
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիրն իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին։
Երգր հայրենի, ցավագար ու հին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին...


                    ***

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ֊-երկրիս անարգված սրտին:

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.

Թող գուժկան գիշերն ահասաստ դավե
Որքան մութը սև`այքան ես համառ,
Երկնիր իմ երկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...
                 ***

Հայրենիքում իմ արևաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերդ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։

Ամեն մի մետք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։

Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված:

Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ախ, և անզոր, և անարգված...

                 ***

Դու հպարտ չես, իմ հայրենիք, 
Տրտում ես դու և իմաստուն. 
Կիզում է քեզ մի հուր կնիք, 
Մի հըմայող ու հին խոստում :

Եվ միթե այդ վշտիդ համար 
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ, 
0, հայրենիք դառն ու անուշ...

Չըշլացա խնդուն փառքիդ 
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ. 
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ:

Խեղճությունըդ խավար ու լուռ, 
Աղոթքներըդ դառն ու ցավոտ, 
Զանգակներիդ զարկը տըխուր, 
Եվ խուղերիդ  լույսերն աղոտ...



Հայկ և Բել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և 
Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և 
ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: 

«Հայկ և Բել» ավանդավեպի ենթահիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի` սեմական ժողովուրդների արեգակի աստված կամ Ասորեստանի թագավոր Բելի: 
Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: 
Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:
Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: 
Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ: 
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:

Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցըրել նրա շորերն ու հայտարարել, թե աստվածները կենդանացրել են Արային: 
Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:
Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է կտավում:

«Իմ գիտակցական ամբողջ կյանքում ես տառապել եմ, եթե կարելի է ասել Կոմիտասասիրությունից, գրել Կոմիտասի մասին հավասարազոր է գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը, ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգ ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ ու թուրքական բարբարոսությամբ, ազգագրությամբ ու ազգագիտությամբ, անցյալով ու ապագայով» :
«Իմ ողջ կյանքում,-խոտովանել է Սևակը,- ես մտքիս մեջ գրել եմ Զնագակատունը, գրել եմ զանազան ձևերով, իբրև վեպ, իբրև վիպակ, իբրև ուսումնասիրություն, իբրև հոդվածների շարք, իբրև ողբերգություն, կամ դրամա, ես գիտեի, որ դա մի օր պիտի գրվի :
«Զանգակատուն» պոեմը գրվեց միանգամից, զարմանալի հեշտությամբ ու արագությամբ:
Իսկ դա կատարվեց Մոսկվայում, մի սարսափելի սառնամանիքային օր: Նոր էի վերջացրել «Մարդը ափի մեջ» ժողովածուն և հարյուրավոր ծխախոտներ ծխելուց հետո դուրս էի եկել սառնամանիքի մեջ մի բաժակ գարեջուր խմելու:
« Եվ աղմկոտ, կեղտոտ, ցուրտ ծխաշատ գարեջրատանը, հեռավոր Մոսկվայում հանկարծ ռադիոյից հնչեց կոմիտասյան երգը: Ինձ համար ամեն ինչ պարզվեց մի վայրկյանում, պարզվեց նախ վերնագիրը՝ «Կոմիտասյան համանվագ», հետո՝ «Հայոց երգարան», հետո՝ «Զարմանալի Զանգակատուն», հետո՝ «Անլռելի Զանգակատուն», ապա նաև կառուցվածքը, ըստ կոմիտասյան երգերի, այսինքն շարադրել Կոմիտասի ողջ կյանքը ըստ նրա համապատասխան երգերի, եթե որբ է` «Անտունի», եթե պանդուխտ է` «Կռունկ», եթե սիրո մասին է` «Սոնա յար»: Եվ քանի որ գործը մտահղացված էր իբրև համանվագ՝ սիմֆոնիա, կամ իր եկեղեցական կարգը նկատի ունենալով՝ իբրև օրատորիա, ուրեմն պիտի ունենար իր հանդիսավոր սկիզբը: Անդ պատճառով էլ գարեջրատանից տուն հասնելով նույն օրը գրեցի պոեմի այն մասերը, որոնք հետո պոեմի կառուցվածքի թելադրանքով սկզբից տեղափոխվեցին վերջ»:
Դու վարդապետ:
Դու ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես....

bovandakutyun hetanosakan shrjani naxamashtocyan hay greri ev grakanutyan masin

ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ ԳՐՔԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ 4 ԴԱՐ ԱՌԱՋ 

Նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեցած հայերեն գրի եւ գրականության մասին վկայություններ են պահպանվել անտիկ օտար հեղինակների երկերում: Հռչակավոր հույն փիլիսոփա եւ պատմագիր Մետրոդորոս Սկեփսիացին, ապրելով Պոնտոսում եւ Հայաստանում մինչեւ մ.թ.ա. 70թ., գրել է Տիգրան II-ի պատմությունը եւ «Կենդանիների բանականությունը» փիլիսոփայական երկը: Այս վերջինը, ըստ Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացու) հաղորդման, որն ապրել է մ.թ.ա. Iդ. վերջին քառորդից մինչեւ մ.թ. Iդ. կեսը, թարգմանված է եղել հայերեն: Փիլոն Եբրայեցու նման քաջատեղյակ եւ բծախնդիր օտար հեղինակի այս համոզիչ հաղորդումը մեր թվարկության դարագլխին գոյություն ունեցած հայալեզու գրականության մասին, որ վկայակոչվում է առաջին անգամ, չի կարող չսասանել նույնիսկ ամենակարծր հակաթեզերը: 

Հենց միայն Փիլոնի սույն վկայությունը բավական է ժխտելու այն տարածված կարծիքը, որ եթե նախամաշտոցյան շրջանում գոյություն է ունեցել գրավոր հայ գրականություն, ապա միայն հունարեն, ասորերեն կամ պարսկերեն լեզուներով, իսկ հայոց լեզվով եղել է միայն բանավոր գրականություն, այսինքն՝ բանահյուսություն: Եւ անմիջապես հարց է ծագում՝ ի՞նչ գրով են գրված եղել երեք հայալեզու գրքերը, եթե ոչ հայերեն այբուբենով, որի մասին վկայում է III դարի ժամանակագիր եւ եկեղեցական մեկնիչ Հիպպողիտոսը: Հունարեն բնագրով իր «Ժամանակագրության» մեջ՝ գրված Ալեքսանդր Սեւերոս կայսեր 13-րդ տարում՝ մ.թ. 234-235թթ., Հաբեթի ցեղի 47 ազգերի շարքում որպես գրագետ (գիր ունեցող), Հիպպողիտոսը հիշատակում է հետեւյալ յոթին՝ իբերներ, լատիններ, որոնց գիրը եւ հոռոմներն են գործածում, իսպանացիք, հույներ, մարեր, հայեր: 

Խորենացու վկայությամբ, Բարդածան ասորի պատմագիրը, որ Եդեսիայից էր, մտավ Անի կամ Հանի ամրոցը, կարդաց Ողյումպ քրմի մեհենական պատմությունը, որի մեջ թագավորների գործերի հետ միասին հիշատակված էր Տիգրան վերջին հայոց թագավորի ձեռքով նրա եղբայր Մաժան քրմապետի գերեզմանին կառուցված բագինը Բագրեւանդի Բագավանում: Ի՞նչ լեզվով էր գրված այդ մատյանը - եթե Բարդածանը, ինչպես վկայում է Խորենացին, այդ պատմությունը փոխադրել է ասորերենի եւ ապա հունարենի, նշանակում է՝ մեհենական պատմության բնագիրը պետք է եղած լիներ հայերեն եւ գրված հայերեն գրերով: Ուսումնասիրողներից ոմանք, ինչպես Ա.Աբրահամյանը, ենթադրում են, թե մատյանը գրված է եղել արամեական գրով, բայց այս կարծիքը հիմնավոր չէ: Ասորիներն իրենք իսկ արամեական գիր են գործածում հատկապես Եդեսիայի շրջանում: Նույնը վերաբերում է Տիր աստծո մեհյանին:Գերմանացի խոշոր հայագետ Յ.Մարկվարտը իր «Հայոց այբուբենի ծագումը եւ Մաշտոցի կենսագրությունը» ուսումնասիրության մեջ ժխտում է հայ մատենագրության գոյությունը մինչեւ V դարը հետեւյալ փաստարկով. «Այս երկրի լեզվով չէր գրվել դեռ ոչ մի տող, որովհետեւ այն ժամանակվա հայտնի այբուբեններից եւ ոչ մեկը ի վիճակի չէր արտահայտելու հայերեն բազմաթիվ ու դժվարին հնչյունները»: Գերմանացի հայագետի այս ուշագրավ միտքը մեզ բերում է հակադարձ տրամաբանության՝ եթե նախամաշտոցյան շրջանում եղել է հայ մատենագրություն, ապա դա կարող էր լինել միայն հայերեն այբուբենով, եւ ոչ թե արամեատառ կամ հունատառ: Եւ առհասարակ, մի շատ բնական հարց է ծագում. հնարավո՞ր է արդյոք, որ ժողովուրդն ունենա գրի ու դպրության Տիր աստված, այդ Տիր աստծուն նվիրված դպրության մեհյան, բայց սեփական գիր եւ դպրություն չունենա: Օտար դպրության, օտարագիր եւ օտարալեզու մատենագրության համար հայրենի աստվածություն չի ստեղծվում: 

XIII դարի հայ պատմիչ Վարդան Արեւելցին (Պատմութիւն տիեզերական, Մոսկվա 1861, էջ 70) վկայում է Լեւոն արքայի օրոք Կիլիկիայում հայտնաբերված դրամի մասին, որի վրա հայերեն լեզվով դրոշմված են եղել հեթանոս հայ թագավորների անուններ, որով եւ պատմիչը հաստատում է Մեսրոպ Մաշտոցից առաջ հայերեն գրերի գոյությունը. «Եւ զի լեալ է հայերէն գիր ի հնոյն- վկայեցաւ ի ժամանակաս Լեւոնի արքայի. զի գտաւ դրամ ի Կիլիկիա հայերէն գրով դրոշմեալ զանուն կռապաշտ թագաւորացն Հայկազանց»: Նման հարցադրումներն արդեն իսկ իր մեջ կրում է նախամաշտոցյան գրի գաղափարը, որն ունի կողմնակիցներ, բայցեւ ավելի մեծ թվով հակառակորդներ, որոնք կարծում են, թե նախամաշտոցյան գիրը կարող է նսեմացնել Մաշտոցի հանճարը: Կատարյալ թյուրիմացություն: Ահավասիկ մեր հին հեղինակներից շատերը եւ առաջին հերթին 5-րդ դարի ներկայացուցիչները՝ սկսած Սահակ Պարթեւից եւ Մեսրոպ Մաշտոցից, նրանց աշակերտներ Կորյունը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան եւ Մովսես Խորենացին, ապա եւ Ղազար Փարպեցին եւ այլք, ընդունում են հեթանոսության շրջանում հայոց դպրության գոյությունը. հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում իմ զեկուցման մեջ ես ցույց տվեցի, որ ինքը՝ Մաշտոցը, երկար ժամանակ Եդեսիայում եւ Ասորիքում՝ դպրության հեթանոս ճարտարների մոտ, որոնել է հայոց հին գրի ամբողջական այբուբենը: Վերը իմ հիշատակած Փիլոն Եբրայեցին՝ իր ժամանակի ճանաչված մտածողներից մեկը, որին Էնգելսը քրիստոնեության հայր է անվանում, իր եզակի վկայությամբ գալիս է հաստատելու հայալեզու գրականության իրողությունը դեռեւս մեր թվարկության սկզբին՝ Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ:

Եղիշե Չարենց - ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ



ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ

I

Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին,— աշխարհներին, արևներին,—
Հրանման հոգիներին։—
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,—
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,—
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին— ողջո՜ւյն, ողջո՜ւյն։—

II

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում—
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա—
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։—
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝


Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։—
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի—
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։—

III

Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Ով քաղաքից էր հեռացել— նա թողել էր մշուշը ծեր,—
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել։
Ով եկել էր գյուղից հեռու— նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ։
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել։
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ՝
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրոշ։—
Ով եկել էր, թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի՝
Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի։
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի—
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների...
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ՝
Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել։

IV

Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։—
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված։—
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունած ու արևուն,—
Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։—
Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝
Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված։
Հեռո՛ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին—
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային։



Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝
Հետզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր...
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական։
Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ։—
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե—
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։—

V

Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում—
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն...
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա։—
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ։—
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք—
Ուղիները երկաթագիծ ձգվել էին ամենուրեք։—
Երազների պես երկաթե քաղաքամոտ կայարանից
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգվել էին ուղիները երկաթագիծ։
Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի՝
Սեղմըվելով հետզհետե՝ փախչում էին գաղտագողի...
Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում—
Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա մի քարացում։
Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա կարծես կապված—
Ու անզիջում կռվում էին ամբոխները խելագարված։

Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային կամքին հլու՝
Գնո՜ւմ էին կռվո՜վ, երգո՜վ կայարանը գրավելու։—

VI

Կռվում էին։ Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի։
Դեմը քաղաքն էր տարածվել՝ հազարամյա մի թշնամի։
Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։—
Ու կայարանը՝ հաղթանդամ իրիկնային կարմիր մուժում,
Հաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն։
Հաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի՝
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների։
Ու գծերի մոտ երկաթե, դեպի հյուսիս, դեպի առաջ՝
Ձգվել էին ալիքաձև խրամատներ գետնատարած։
Թշնամին էր պահվել նրանց ալիքաձև գետնափորում
Ու մատներով արյունոտած դեմը փռված դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՛, հողի սրտում դարան մտած
Կրակում էր գաղտագողի, նենգ ձեռքերով արյունոտած։
Կռվում էին՝ մոտենալով, մոտենալով հետզհետե։
Պայթում էին զրընգալով հրանոթները երկաթե։—
Ե՛րգ էր կարծես կռիվը այդ, որ զնգում էր մայրամուտում
Նայես՝ թռավ մի հրանոթ ու թունդ պայթեց խրամատում…

VII

Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ։
Ու դաշտերում իրիկնային մահն էր քրքջում համատարած
Երգում էր նա՝ երգը խառնած հրանոթի զրնգունին,—
Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին։
Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը կրակոտ.
Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ
Ե՛րգ էր կարծես արևը հին՝ իրիկնային լույսով վառված
Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված...

VIII

Եվ երգում էր մեկը՝ հզոր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ։—
Որպես բազե՝ երգը նրա սլանում էր հեռու, հեռու—
Եվ երգելով կռվում էր նա՝ լուսաժպիտ ու ահարկու։
Երգում էր նա։ Մայր էր մտնում արևը հին՝ կարմիր քուրա։
Եվ դաշտերում իրիկնային— զանգ էր կարծես ձայնը նրա։
Զա՜նգ էր կարծես, զանգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանա—
Բորբ կարոտով անծայրածիր, կրակելով երգում էր նա։—

IX

«...Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ—
Մենք մեր սիրտն ենք բերել նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Այստեղ հիմա կռիվ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,—
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա— մահի հանդեպ՝ կարմիր դրոշ։
Արյունաքամ մա՛յր է մտնում հազարամյա արևը հին.
Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային...
Ու խնդասիրտ կռվում ենք մենք, ե՜րգ ենք ասում կռվում հիմի.
Կուրծք է տվել աշխարհը ողջ՝ հազարամյա մի թշնամի...
Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը՝ սեգ ժպտում է մեզ—
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարոտակեզ։—
Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր—
Կրակեցեք, կրակեցեք, խելագարված իմ ընկերներ...»։

X

...Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։
Ու անվհատ կռվում էին ամբոխները խելագարված։
Աչքերի մեջ՝ կարմիր մի հուր, ու սրտերում— կարմիր կրակ՝


Վերջին թափով մի ամրակուռ՝ անգայթ1 կռվում էին նրանք։
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ—
Ու թշնամին փախուստ տվեց՝ ահաբեկված ու վտարված։—
Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին...

XI

Մութ է հիմա։ Գիշերը, խոր, իջել է վար։
Մութ է հիմա, թանձր խավար։
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լույս չկա վառված
Խռնվել են հազարանուն ամբոխները խելագարված։—
Գիշերի մեջ չեն երևում հաղթ կամարները երկաթե՝
Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատե։
Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին՝
Մութը իջավ համատարած, մինչ կայարանը վերցրին։—
Սպասում են, որ մինչև լույս գոնե մի քիչ հանգստանան
Ու առավոտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան։
Աչքերն հառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքեն2՝
Սպասում են առավոտին, որ կռիվը շարունակեն։
Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռվում էին—
Մո՜տ էր թվում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին...
Եկան իրենք, կռվով, երգով գրավեցին կայանը մեծ—
Իսկ թշնամին փախուստ տվեց ու քաղաքում պատսպարվեց։
Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան—
Ու առավոտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան։

XII

Ու մթի մեջ հազարամյա, գիշերի մեջ խորը, անհուն՝
Խռնվել են նրանք ահա երկաթուղու կայարանում։
Դաշտն է դեմը, խավարակուռ ձգված է նա։
Չկա մի ձայն, չկա քամի, մութ է հիմա։
Դաշտն է դեմը՝ անծիր, անծայր մի զանգված խավարամութ,


Ուր նստել է անաչք, անլույս, խորհրդավոր կասկածը մութ։
Շնթռկել է, որպես մի շուն, ու խավարն է հսկում հիմի,—
Շնթռկել է թանձր մուժում, որպես անտես մի թշնամի։
Մութ նստել է կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է իրա դիմաց։
Շարժըվում է մութը կարծես ու խավարով իր աչքերի—
Նայում է նա լուրթ աչքերին խելագարված ամբոխների։—
Ու տագնապով անլըռելի, հայացքներով անթարթ լարված՝
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարված։
Լուրթ աչքերով խորը, տխուր— մո՛ւթն են դիտում նրանք անհուն—
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում...

XIII

Հոծ բանակով հսկայական կայարանի դեմ խռնված՝
Լուրթ աչքերով արևակամ— դաշտն են դիտում խավարամած:
Մո՛ւթ է դեմը, ու խավարում, որ բացվել է, որպես անդունդ՝
Երևում է հեռու-հեռուն կարմիր լույսով վառվող մի գունդ։
Աչքերի դեմ մթակալված, հայացքների դեմ ակընդետ—
Հեռու մթում լույսն այդ վառված գո՛ւնդ է թվում, կարմիր մի կետ
Գիշերի մեջ— կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառվում է նա՝
Գիշերի մեջ վառել են, որ զորքը պատրաստ, արթուն մնա։
Անծայրածիր մթում հեռվի կարծես կարմիր գլուխ է շան—
Վառել են այն, որպես կռվի ու տագնապի ազդանշան։
— Քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի։
Պահվել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի։
Ու կրակը այդ կարմրակեզ— ահանշան ու վիթխարի—
Մի արնագույն կետ է կարծես ուղեղի մեջ խելագարի։
Բռնըկվել է հույսով հետին, հոգեվարքի տենդով վառված—
Ու նայում են կարմիր կետին ամբոխները խելագարված...


XIV

Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։
Ու վառվում է խավարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կետը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ։
Սուր մխվել է նրանց սրտում, որպես մի թեժ, կարմիր բևեռ —
Թույն է լցնում ու բորբոքում ու երազներ աշխարհավեր...
Աղմըկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամյա —
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա։
Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն —
Ու աչքերը միլիոնավոր թո՜ւյն են թքում, արյուն ու թույն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի —
Ու վառվում է լուրթ աչքերում՝ արյունալից ու կատաղի։
Ու աչքերը արյունամած անթարթ հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։

XV

...Գիշերի՜ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,
Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին։
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր —
Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր՝ անծա՜յր, անծի՜ր:
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ —
Հազա՜ր բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ։
Նրանց ձգված մկաններում ո՛ւժն է նստել խոնավ հողի,—
Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի…
Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ...
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված—
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…

XVI

Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առավոտին։
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը հետին։
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առավոտի—
Ու վառվում է վերջին լույսով կրակը այն կարմիր կետի։
Նոսրանում է խավարն ահա, գունատվում է հետզհետե —
Ճեղքում է մութն արևելքում հսկայական, հրե մի թև։
Ու սուրում է հեռուներից առավոտվա կիսամթում—
Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմություն։
Շարժըվում է խավարը թեն ու հեռևում խավարամած
Երևում է քաղաքն արդեն՝ մութ, անորոշ մի զանգըված։
Հաղթ շենքերի պատերը հաղթ որոշվում են հետզհետե,
Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթե...
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարոտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառվում է տենդը հոգևար...
Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խավարակուռ զանգըվածին —
Ու վառվում է սիրտը նրանց, որպես հրդեհ արեգնածին...
— Պիտի երթան առա՛ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։
Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՛ պիտի փռեն—
Հազարամյա քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու ավերեն։—
Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն։—
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՛ն նրանք նորից,
Որ կյանքը հին, որպես փյունիկ1, չբարձրանա՜ մոխիրներից...
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի—
Դեպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների...

XVII

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված—
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...


Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար—
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1918, հուլիս

Պատմություն Հայոց (Խորենացի)

Գրելու պայմանները 

Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով: Աշխատության սկզբում օգտվելով առիթից` Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն: Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը: Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար:
«Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկականառասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է: Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը` հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները:

Կառուցվածքը 

Խորենացու «Պատմություն Հայոց» երկը ներկայիս վիճակով բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր:
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց ՀայկԱրամԱրա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի,Երվանդ ՍակավակյացՏիգրան Մեծ թագավորներին: Սյս անձիք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ:
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը` մինչև Տրդատ Մեծիգահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը:
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը` մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը:
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը: «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով: Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա` 475-491թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս: «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյության հարցը հանդիսանում է հայագիտության վիճելի խնդիրներից մեկը:
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը:

Բովանդակությունը 


Նույն նպատակով պատմիչը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովի առաջնորդների: «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ-Արամ-Տիգրան, -ասում է հեղինակը, -քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին եվ ինչպես կամենում է` թող կոչի:»Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը: Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի: Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու` Նոյ նահապետի սերնդի հետ` ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում:
Խորենացու համար ազգի նախահայր Հայկը նախընտրելի հերոս է` իր ազատասիրական ոգով, բռնակալի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականությամբ, ըմբոստ խիզախությամբ: Արամն ընդօրինակելի է հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումով, Տիգրանը` Հայաստանի կորցրած տարածքները հետ գրավելու, ազգային բանակը վերազինելու, երկիրն ամեն տեսակի բարիքներով հարստացնելու վճռականությամբ: Բնութագրելով Տիգրանին` պատմիչը չի թաքցնում իր նպատակը. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքն ու խոհեմությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:
Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացու իդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ: Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին: Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգային դւրքորոշման, ինչպես նաև` հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու` որպես ազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին:
Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը: Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին: Հայոց անցյալի մասին աշխատություններ ստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել` գրի ու հիշատակության արժանի...»:

«Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը 

Իր երկը Մովսեսը շարադրել է աշխույժ և համաչափ։ Նա կյանք է տվել իր պատմությանը նկարագրություններով, որոնցից է Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատել է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին իր պատմության մեջ օգտագործել է մի շարք ասույթներ, որոնք հետագայում դարձել են թևավոր խոսքեր։ Ահա դրանցից մի քանիսը.
  • Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է։
  • Քաջերի սերունդները քաջեր են։
  • Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության:
  • Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ։
Խորենացին այս պատմության մեջ արտահայտել է իր զգացումները՝ ուրախությունը, տխրությունը, հպարտությունը, վիշտն ու իղձը։ Խորենացու նպատակն է եղել տեսնել իր հայրենիքը միասնական, հզոր ու լուսավոր։
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ…ՏԽՐՈՒԹՅՈՒՆ..

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

«Գևորգ Մարզպետունին»

«Գևորգ Մարզպետունին» հայկական հանրահայտ գրող Մուրացանիհայտնի վեպերից է: Առաջին անգամ տպվել է 1896 թվականին, իսկ առանձին գիրք դուրս է եկել միայն 1912 թվականին: Ռուսերեն լեզվով առաջին անգամ թարգմանվել է 1963 թվականին: Հեղինակը իր վեպում նկարագրել է X դարի իրադարձությունները Հայաստանում, երբ երկիրը գտնվում էր թշնամի հագարացիների լծի տակ, և պատերազմները անխուսափելի էին: Հայաստանի թագավորը այդ ժամանակ հզոր արքաԱշոտ Երկաթն էր, որը առասպել էր դարձել ժողովրդի համար, երբ կարողացավ իր գահակալության ժամանակ ջարդել բոլոր թշնամական զորքերը: Նա վրեժխնդիր եղավ իր հոր համար, նախկին թագավոր Սմբատ Բագրատունու, որին մահապատժի էին ենթարկել արաբները, դավաճան Գագիկ Արծրունու օգնությամբ: Այս ամենի մասին գրքի սկզբում պատմում է դայակ Սեդան Սահականույշ թագուհուն, Աշոտի կնոջը: Սեդան նաև խոստովանում է, որ Աշոտը դավաճանել է ժամանակին Սահականույշին իշխան Ցլիկ Ամրամի կնոջ հետ, սակայն հետագայում պարզվում է, որ Սահականույշը այս ամենի մասին վաղուց տեղեկացված էր: Գրքի գլխավոր հերոսներից մեկն է իշխան և հետագայում սպարապետ Գևորգ Մարզպետունին, որը մեծ դեր է խաղում երկրի ազատագրության մեջ: Նույնիսկ ամենադժվար պահերին նա մնում էր հավատարիմ իր ժողովրդին, արքային և հայրենիքին: Նույնիսկ այն պահին, երբ նա ուներ ընդհամենը տասնիննը զինվոր, նրանք քսան հոգով պայքարում են հագարացիների և նրանց առաջնորդԲեշիրի դեմ: Հաղթանակը նրանց ետևից էր: Գրքի ամենահայտնի մասերից է Սևանի ճակատամարտը, Երբ Աշոտ արքան իր կնոջ հետ բնակվում էր Սևանի կղզում, Բեշիրը իր զորքերով դիրքավորվում են լճի ափերին: Աշոտը հավաքում է իր բոլոր թիկնապահներին, որոնց թիվը երեք հարյուրից քիչ էր և առագաստների վրայից նետեր արձակում հագարացիների վրա: Բեշիրը փախչում է ողջ մնացած զինվորների հետ: Հետագայում հայ հերոսներին հաջողվում է ազատագրել նաևԴվինը և ազատվել բոլոր թշնամիներից: